Անցած հանգստյան օրերին վերսկսված Գերմանիայի առաջնությունով եվրոպական ֆուտբոլային գերտերություններում ծավալված մրցակցությունը նորից մտավ «Մեծ հնգյակի» շրջագիծ, ինչը նշանակում է, որ այդպես էլ լինելու է մինչ մրցաշրջանի ավարտը: Ինչ խոսք, այս ձևաչափով ներկայացվելիք հանդիպումներն ավելի հետաքրքիր ու ինտրիգային կլինեն, վկան` «Վոլֆսբուրգ»-«Բավարիա» դիմակայությունն իր անհավանական ելքով:
ԳԵՐՄԱՆԻԱ
Տևական դադարից հետո վերսկսված բունդեսլիգայի առաջնությունը նշանավորվեց խոշորագույն անակնկալով: Խոսքը ոչ այնքան հանդիպման ելքին է վերաբերում, որքան արձանագրված հաշվին. աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ պարզապես քրքրեց Մյունխենի «Բավարիային»: Հանդիպման 4:1 հաշիվը խաղն այլ կերպ բնութագրելու նվազագույն իսկ հնարավորություն չի տալիս մեզ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ ընթացիկ առաջնությունում մյունխենցիները մեկ խաղում իրենց դարպասը գրավելու նույնիսկ երկու անգամվա շռայլություն թույլ չէին տվել և ոչ մեկին: Իհարկե, «Վոլֆսբուրգի» հավաքած 37 միավորը շատ-շատ հեռու է բավարացիների 45-ից, ովքեր, ակնհայտ է, չեմպիոնությունը չեն զիջի և ոչ մեկին, եթե, իհարկե, արտառոց որևէ բան չպատահի, սակայն այն գրեթե նույնքան պատշաճ առավելություն էլ ապահովել է 30-ական միավորով իրեն հետապնդող եռյակից` Մյոնխենգլադբախի «Բորուսիայից», «Շալկեից», «Աուգսբուրգից»:
ԻՏԱԼԻԱ
Առաջնության վերջին չորս հանդիպումները ոչ-ոքիներով ավարտած «Ռոման» «Էմպոլիի» հետ խաղում էլ անդավաճան մնաց որդեգրած սկզբունքին, թեպետ այդպես էլ անհայտ է մնում, թե դա ի՞նչ սկզբունք է չեմպիոնական մրցավազքում «Յուվենտուսին» ձեռնոց նետած թիմի համար, որն արդեն ոչ միայն յոթ միավորով է զիջում «Ծեր սինյորային», այլև բավականին վտանգավոր հեռավորության վրա է գտնվում աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլիից»: Ակնհայտ է, որ այսպես շարունակելու դեպքում «գայլերը» կարող են շատ արագ զրկվել նաև փոխչեմպիոն դառնալու հեռանկարից, մանավանդ որ հետապնդողներն իրենց հավակնությունների մեջ այնքան էլ համեստ չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Ինչևէ: Աղյուսակը գլխավորող «Յուվենտուսն» ունի 50 միավոր (արտագնայում միավոր է վաստակել «ՈՒդինեզեի» հետ խաղում` 0:0), իսկ երրորդ հորիզոնականի տերն արդեն ունի 39 միավոր ու դա շնորհիվ այն բանի, որ հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել «Կիևոյի» նկատմամբ` չնայած վերջինիս ահռելի դիմադրությանը:
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի թիվ մեկ հանդիպումն անվիճելիորեն «Չելսի»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունն էր, որտեղ կողմերից մեկնումեկի հաղթանակը թեև փոփոխություն չէր մտցնի աղյուսակում թիմերի ունեցած դասավորությունում, սակայն ռազմավարության առումով կարող էր դառնալ բախտորոշ, ինչն էլ խաղին լարվածության հետ մեկտեղ հաղորդել էր որոշակի զգուշավորություն: Հանդիպումը ոչ մեկին էլ առավելություն չտվեց ¥1:1¤, ինչը նշանակում է, որ լոնդոնցիները շարունակեցին մնալ առաջին, մանչեստրցիները` երկրորդ հորիզոնականում, ու եղած հինգ միավորի տարբերությունը մնում է ուժի մեջ:
«Մոգական» հինգ միավորի տարբերություն է նաև «Մանչեստր Սիթի», «Մանչեստր Յունայտեդ» թիմերի միջև, ինչն արձանագրվեց այն բանից հետո, երբ Լուի վան Գալի թիմը հյուրընկալելիս 3:1 հաշվով անցավ «Լեստերի» վրայով, իսկ մինչ այդ 42 միավոր ունեցող «Սաուտհեմպտոնը» տանը նվազագույն հաշվով զիջեց «Սուոնսիին», ինչն այնքան էլ պատահական չես կարող համարել, եթե հիշենք «սրբերի» մի քանի օր առաջ ունեցած պարտությունը:
ԻՍՊԱՆԻԱ
Նախօրեին «Ռեալ Սոսիեդադի» (4:1) ու «Էյբարի» (3:1) նկատմամբ հաղթանակների հասած մադրիդյան «Ռեալին» ու «Աթլետիկոյին» կարող էր կրկնել և «Վիլյառեալին» հյուրընկալած «Բարսելոնը», ինչը տրամաբանական զարգացումների շրջանակում կլիներ: Կատալոնցիները, իհարկե, առաջին խաղակեսում պահպանեցին հանդիպման ինտրիգը` առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին հավասարեցնելով հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Վիլյառեալին» ևս մեկ անգամ հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ, սակայն «Մեսի և ընկերներ» համույթը հրաշք արգենտինացու հաղթական գոլով ամեն ինչ դրեց տեղը: Գուցե 3:2 հաշվով հաղթանակը թվային առումով այնքան էլ համոզիչ չէ, սակայն հերթական հերթապահ երեք միավորը շարունակեց կատալոնյան ակումբը պահել «Ռեալի» շնչին, որը պահուստում պակաս անցկացրած մեկ խաղ ունի և մրցակից է ունենալու «Սևիլիային» (հանդիպումը նշանակված է փետրվարի չորսին): Արդյունքում` մրցաշարային աղյուսակում ոչինչ չփոխվեց «Ռեալ», «Բարսելոն», «Աթլետիկո» դասավորության մեջ: Վերջինս ունի 47, կատալոնցիները` 50, արքայականը` 51 միավոր:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջին եռյակի երկրորդ և երրորդ հորիզոնականներում 47-ական միավորով գտնվող «Մարսելն» ու «Պարի Սեն Ժերմենը» տուրի հանդիպումները հաղթանակով ավարտելով (երկուսն էլ մրցակիցների` «Էվիանի» ու «Ռենի» նկատմամբ առավելության են հասել նվազագույն հաշվով)` «խոսքը» փոխանցեցին «Լիոնին», որը հյուրընկալվելիս «Մոնակոյին» հաղթելու դեպքում կարող էր նրանցից պոկված մնալ հինգ միավորի առավելությամբ: Սակայն «Մոնակոն» պատշաճ չափով հյուրընկալ չգտնվեց` համարելով, որ հյուրերին լիուլի բավարար է և մեկ միավորը: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ